Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ Է, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ»

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՔ Է, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ»
28.01.2011 | 00:00

ՀՀ մի քանի գումարումների Ազգային ժողովի պատգամավոր ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆՆ այս շաբաթ այցելել էր «Իրատես de facto»-ի խմբագրություն։ Մեր հյուրի հետ փոքր «էքսկուրս» կատարեցինք այսօրվա ներքաղաքական հարթությունում` մինչ այդ հետաքրքրվելով, թե «որտե՞ղ» է այսօր պարոն Արշակյանը։
-Մոտ կես տարի է` մի ՓԲԸ-ում աշխատանքի եմ անցել։ Ազատ ժամանակը լրացնում եմ անձնական արխիվիս վրա աշխատելով,- ասաց մեր հյուրը։- 23-ամյա քաղաքական գործունեության վերագնահատման փուլում եմ։ Օրինակ, անցյալ օրը ձեռքս ընկավ 89-ի մարտի «Սովետական Հայաստան» թերթը, որտեղ հարցազրույց կար այն ժամանակվա Գերագույն դատարանի նախագահ Արտավազդ Գևորգյանի հետ։ Ժամանակին կարդալիս զարմանքով մի պարբերություն էի ընդգծել, միամտաբար կարծելով, թե շարժման բոլոր ղեկավարները սուրբ են, իսկ իշխանավորները` գող ու ավազակ։ Ահա այն. «Մինչև իրատես աչքով չնայենք, չխոստովանենք մեր երեկվա և այսօրվա մեղքերը, չենք կարող հույս կապել վաղվա օրվա հետ։ ՈՒր հասցրինք մարդուն և նրան ինչպես պիտի վերադարձնենք իր խղճին ու բարոյականությանը»։ Մեր անհաջողություններն այսօր էլ շարունակվում են և չեն վերջանա, քանի դեռ վերոհիշյալ մտքին չենք հանգել։ Կարծես ճիշտ այսօրվա համար է գրված։
-Ասել է` մեր քաղաքական դաշտին իրատեսությո՞ւնն է պակասում։
-Ամեն տեղ է իրատեսությունը պակասում։ Մեր հասարակությանը նետել ենք հոգևոր սովի մեջ, ամեն ինչ նյութական շահի, անձնական ունեցվածքի, կուտակման մրցավազքի ուղղորդմամբ է ընթանում։ Խիղճն ու բարոյականությունն էլ ոտնատակ են արված։ Օրվա իշխանությունները պետք է սկսեն երեկվա ու այսօրվա մեղքերի գիտակցումից և խիղճն ու բարոյականությունն անկյուն չնետեն։ Ցավոք, համարյա բոլոր ասպարեզներում վիճակը փոխելու, լավացնելու միտումով արվող քայլերը պակաս արդյունավետ են, սակայն ամեն բանի ճշգրիտ լուծումը միշտ էլ կա։ Ինչո՞ւ են ամեն անգամ ձին պոչից սանձում։ Շախմատային լեզվով ասած` արքայական թևում վերջերս մի շարք տեղափոխություններ եղան, որոնցից երկու հաջողվածները շարունակություն չունեցան, անօրեններն արժանիորեն չպատժվեցին։ Դրանց հետևեց փոխատեղությունների կասկադ. երեք մարդ գործից հանվեց և նշանակվեց նոր, համազոր աշխատանքի։ Եթե մեկին գործից հանում ես, նշանակում է` վատ էր աշխատում, չէ՞։ Տրամաբանական է, որ վատին պետք է լավով փոխարինես։ Ո՞Ւր է երաշխիքը, որ այդ հայտնի վատերը նոր տեղում լավն են դառնալու։ Կարծում եմ` զինվորներն անհեռանկարային կոմբինացիաների համար չեն, գրոհի, զոհաբերությունների համար են։ Եվս մի անարդյունավետ քայլ` արդարադատության բազմամյա փորձով հարուստ փոխնախարարներին աշխատանքից ազատելը, կամ ի՞նչ արժանիքների համար է 27-ամյա անփորձ երիտասարդը փոխնախարար նշանակվում, որը պետք է վերահսկի, ասենք, Հայկ Հարությունյանի կառույցը։ Ինչո՞ւ են արվում բաներ, որոնք, վիճակը շտկելու փոխարեն, ավելի են խճճում։ Չեմ կարծում, որ, օրինակ, նոր քաղաքապետը ցանկանում է վիճակն ապակայունացնել, վստահ եմ, ուզում է, որ լավ լինի։ Սակայն զոռբայությամբ հարց լուծելուց առաջ մի՞թե չի կարելի այլընտրանք առաջարկել կամ զգուշացնել, թե երկու ամիս ժամանակ ենք տալիս ու նոր միայն քանդում, այսպես կոչված, «փողոցային բիզնեսը»։ Ո՞վ ուրախ չի լինի, եթե ժամանակին Երևանի ամենագեղեցիկ փողոցներից մեկը` Շինարարների փողոցը, ազատագրվի մայթերին ու գազոնների մեջ կառուցված այլանդակություններից, որոնք, ի դեպ, նույն քաղաքապետարանի թույլտվությամբ են ժամանակին կառուցվել։ Քանիցս ասել եմ` մեր կորուստներից ամենամեծը վաղվա օրվա նկատմամբ մարդկանց հավատի կողոպուտն է։ Հավատը վերականգնելու համար միայն հուսադրող խոսքերը բավարար չեն, ինչպիսին ՀՀԿ-ի 20-ամյակին հանրապետության նախագահի ելույթն էր։ Ես էլ դրա տակ կստորագրեի։ Վերջին շրջանում ամենակազմակերպված և հուսադրող ելույթներից մեկն էր, բայց ինչո՞ւ հուսադրող խոսքերին չեն հետևում հուսադրող քայլերը, որոնք պահանջվում են նաև կառավարությունից։ Ինչպես Չեռնոմիրդինն էր ասում` «ուզում էինք լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ»։
Թագուհու թևում երկու փոխատեղում եղավ, որոնք շատ լավն են։ Առաջինը ստեփանակերտցի փոքրիկ տղայի հաղթանակն էր «Եվրատեսիլում» և Դոմինգոյի հրավերին հաջորդած փոխատեղումը։
-Արդյոք այդ քայլերի բացակայության պատճառով չէ՞, որ այսօր քաղաքական հարթակում հայտնվում են մարդիկ, որոնց շուրջն անմիջապես հոծ բազմություն է հավաքվում, ինչպես եղավ Տիգրան Կարապետյանի պարագայում։
-Այո, այսօրվա վիճակով է պայմանավորված, որ նոր գործընթացներ են սկսվում, կամ նոր նախաձեռնություններ են «կառավարվում», ինչպես ԱԼՄ-ի դեպքում է։ Այսինքն, այնպիսի վիճակ է, երբ քաղաքական դաշտում իր համեստ դերակատարումն ունեցող քաղաքական ուժը, որը, ոմանց կարծիքով, «իշխանական պրոյեկտ» է, այսպիսի աշխուժություն է ստեղծել քաղաքական դաշտում։ Ժամանակին լուսահոգի Մանուկ Գասպարյանը Տիգրան Կարապետյանին հենց իր եթերում ասաց. «Հենց համը հանեցիր, բնկալը տակիցդ տանելու են»։ Չնայած որոշակի դժգոհություններին, այդուհանդերձ, ափսոսում եմ, որ այդ ալիքը նույնպես փակվեց, որովհետև մի կենտրոնից կառավարվող մյուսների լրատվությունը խեղդում է, երբեմն մնում էր միայն դա դիտել։ Էնքան բթացնող ու անբարո սերիալներ են ցույց տալիս, որ ստիպված ասում ես` ավելի լավ է հեռուստացույցն անջատեմ կամ նայեմ Տիգրանի ալիքը։ Այսօր որոշ մարդիկ տեսակետ են հայտնում, թե փորձ է արվում ստեղծել ՀԱԿ-ին հակակշիռ։ Ոմանք էլ կարծում են` նախորդ անգամվա պես թողնելու են 4,5 տոկոս հավաքի, որ հետո վերաբաշխեն իշխանական ուժերի միջև։ Չեմ կարող ասել` գնահատականներից ո՞րն է ճիշտը, բայց այդ ուղղությամբ ընթացող շարժումը կարող է երկրի համար վտանգավոր զարգացումների հանգեցնել։
-Ինչպիսի՞ վտանգների մասին է խոսքը։
-Հնարավոր է` բազմամարդ հանրահավաքները պատճառ դառնան, որ Տիգրան Կարապետյանին առաջարկեն տեղական որևէ ալիք, կամ ժողովուրդը շատանա, ու կազմակերպիչն իշխանությունների հետ համաձայնության գա, մարդիկ վերստին հիասթափվեն։ Կա ևս մի տարբերակ. շարժումը հասնի կրիտիկական զանգվածի ու, անկառավարելի դառնալով, հեղեղի նման մաքրի տանի բոլորին։ Չպետք է ամեն ինչ վերջանա թունիսյան տարբերակով, քանի որ այդ ձևով փոփոխությունները մեզ կրկին հետ են գցելու, ինչպես մարտի 1-ին եղավ։
-Ինչ տարբերակ էլ ենթատեքստում լինի, Ձեզ համար զարմանալի չէ՞, որ Տիգրան Կարապետյանը միայնակ կարող է նույնքան մարդ հավաքել, որքան միասնական ընդդիմությունը` ՀԱԿ-ը։
-Այդ հանրահավաքները միմյանց հետ չես համեմատի։ Երկու դեպքում էլ հավաքվածների կեսից ավելին նույն մարդիկ են` սոցիալական վիճակից դժգոհ, անելանելիությունից հուսահատ։ Եթե ցանկացած ուրիշ մեկն էլ այսօր դուրս գա ու արմատական հայտարարություն անի, նրանք էլի հավաքվելու են։ Չեմ կարծում, թե այդ միտինգի եկածները նախաձեռնող անձի շուրջ են միայն հավաքվել։ Կան մարդիկ, ովքեր այնքան են գնացել-եկել ու հոգնել, որ ասում են` մեկ էլ Բաստիլի գրավմանը կգնանք, այսինքն` երբ կրիտիկական զանգված հավաքվի։ Այնինչ ամեն կրիտիկական իրավիճակ ավարտվում է մեզ հետ գցելով։ 88-ի զուլալ շարժումն անգամ մեզ տասնամյակներով հետ գցեց։ Ճիշտ է, որոշակի հաջողությունների հասանք, օրինակ, բանակը, որ ունենք։ Ի դեպ, բոլորիս շնորհավորում եմ Հայոց բանակի այսօրվա տոնի առթիվ։ Միաժամանակ ահագին կորուստներ ենք ունեցել։ 3 մլն 700 հազար ժողովրդով ոտքի ելանք, որ պաշտպանենք 138 հազար մեր հայրենակիցներին։ 23 տարի անց արձանագրում ենք չլուծված խնդիրներ, հսկայական անհաջողություններ ու վնասներ։ Հայրենիքը լքած շուրջ 1,5 միլիոն մարդ, չծնված 6-7 հարյուր հազար երեխա, ազգային հարստության թալան, կողոպուտ, փոշիացում և որոշակի մասի անվերադարձ կորուստ։ Կադրային վայրենի ու չտես քաղաքականության պատճառով երկու մասի` հայաստանցիների, ղարաբաղցիների բաժանված ժողովուրդ։ Դեմոգրաֆիկ վերջին տվյալներով` թեև 2010-ին արձանագրեցինք ծնունդների աճ, սակայն մահացությունը չնվազեց, խոպանչիների վերադարձից հետո էլ տարեվերջին ունեցանք ավելի քան 24 հազար մեխանիկական արտահոսք, ու ստացվեց, որ անցնող տարում Հայաստանի բնակչությունը ևս 7-8 հազարով պակասեց։
-Այս կորուստները, անհաջողությունները, ի վերջո, ինչ-որ կետում չպե՞տք է նվազեն։ Ի՞նչը կարող է դրան նպաստել։
-Ցանկացած անկման վերջն անդունդի հատակն է, բայց մենք հատակին դեռ չենք հասել։ Անկման ճանապարհին մենք հնարավորություն ունենք կառչելու ինչ-որ հաստատուն բանից ու վեր բարձրանալու, սակայն չենք ուզում։ Երբեմն ոչ միայն չենք ուզում վեր բարձրանալ, այլև որոշ քայլերով արագացնում ենք անկումը։
-Անդնդից բարձրանալու ճանապարհին ընտրություններ կան։ Նախընտրական տարում, Ձեր կարծիքով, ի՞նչ վերադասավորումներ կլինեն։
-Ենթադրվում է` որոշակի բյուրեղացման, խոշորացման գործընթացներ կլինեն։ Իսկ այն մարդկանց հույսը, թե ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն առճակատման կգնան, ի դերև է լինելու, քանի որ նրանք միշտ էլ բարիշելու են նվազագույն կորուստներով։ Այդ երկու ուժերն այնպիսի նյութական, ֆինանսական, տնտեսական և քաղաքական ռեսուրսներ ունեն, որ միմյանց դեմ դուրս գալու, իրար ոչնչացնելու ավերիչ ճանապարհով չեն գնա։ Այ, այս տեսակ խաղերով, միավորումներով, նոր ուժերի ի հայտ գալով կփորձեն առաջ շարժվել։ Առաջվա նման ապագա խորհրդարանում առայժմ լինելու նախանշաններ ունեն երեքը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը։
-Արտահերթ ընտրությունները հավանակա՞ն են։
-Դա մտածված հնարք կարող է լինել` ուժերից մեկին հետ մղելու, հնարավոր մրցակիցներին ցայտնոտի մեջ գցելու համար։ Այդ հնարքը երկու անգամ բարեհաջող կիրառվել է Բելառուսում, մեկ անգամ` հարևան Վրաստանում։ Մենք միշտ հպարտացել ենք, որ մեզանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն եղել, բայց երևի ժամանակն է, որ մեզ մոտ էլ արտահերթին հերթ հասնի։ Առավել ևս, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ բոլորն էլ գիտեն` այս խորհրդարանը չի արտահայտում ո՛չ քաղաքական ներկայիս հարաբերակցությունները, ո՛չ հասարակության սպասումները։ Ճիշտ տասը տարի առաջ այս օրերին ՀՀ-ն մտավ Եվրախորհուրդ, ՀՀ ԱԺ-ում այս որոշմանը միայն ես էի դեմ։ Այդ արժեհամակարգի ներմուծած մեր «նվաճումներն» են աղանդավորության, գեյության, պոռնկության ազատականացումն ու թմրամոլության տարածումը։
Վերջում ավելացնեմ, որ մեզ բոլորիս վաղվա օրվա նկատմամբ կողոպտված հավատի վերադարձ է պետք։ Դրան միայն արդարության ճանապարհով է հնարավոր հասնել։ Ավարտեմ խոսքս արխիվումս գտած մեկ ուրիշ գիտնականի` գլխավոր դատախազի պոստում զոհված Հենրիկ Խաչատրյանի` 1993 թվականի «Նովոյե վրեմյա» թերթի հետ ունեցած զրույցից այս մեջբերումով. «Արդարությունը մարդկանց ավելի պետք է, քան քաղաքակրթությունը»։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ